«Վրացական երազանք» կուսակցությունն իր շարքերից հանել է պատգամավոր Դավիթ Ճիճինաձեին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական տեղեկատվությունից, որը ներկայացնում ենք ստորև.
«Նախորդ մի քանի ամիսների ընթացքում «Վրացական երազանք — ժողովրդավար Վրաստան» կուսակցության և խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն բազում հայտարարություններ է արել, որտեղ վիրավորել է քաղաքական թիմի անդամներին և վնաս պատճառել կուսակցության իմիջին ու շահերին: Դավիթ Ճիճինաձեն բազմիցս կոպտորեն խախտել է կուսակցական կարգապահությունը և ընդունված բարոյական և էթիկական նորմերը:
Վրացական երազանքի համար ներկուսակցական ժողովրդավարությունն ու արտահայտվելու ազատությունը առաջնորդվող սկզբունք է: Կուսակցության բոլոր անդամները տարբեր հարցերի շուրջ քննադատական կարծիք հայտնելու հնարավորություն ունեն: Սակայն, թիմակիցներին վիրավորելը, բարոյական և էթիկայի սկզբունքների խախտումը և քաղաքական թիմին վնաս պատճառելը դուրս է մնում ներկուսակցական ազատ արտահայտվելու սահմաններից:
Հաշվի առնելով նշվածը, Վրացական երազանք — ժողովրդավար Վրաստանի քարտուղարությունը միաձայն ընդունել է կուսակցությունից հեռացնել «Վրացական երազանք — ժողովրդավար Վրաստան» կուսակցության անդամ Դավիթ Ճիճինաձեին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Որոշման տակ ստորագրել են «Վրացական երազանք»-ի քարտուղարության 5 անդամները. գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, քաղաքական քարտուղար Գիորգի Վոլսկին, միջազգային քարտուղար Թամար Չուգոշվիլին, Տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն: