Վրաստանի դատախազությունը տուժողի կարգավիճակ է տվել լրագրող և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Զվիադ Քորիձեին։ Գործը վերաբերում է հունվարի 14-ի գիշերը Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում Քորիձեի նկատմամբ բռնությանը:
Այդ ժամանակ Քորիձեն լրատվամիջոցներին հայտնել էր, որ հյուրանոցի նախասրահում իրեն ֆիզիկապես և բարոյապես բռնության են ենթարկել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ Դիմիտրի Սամխարաձեն, Գիորգի Մանվելիձեն և այլ անձինք։ Նա վնասվածքներ ուներ աչքի շրջանում։
Քորիձեն Բաթումիում էր «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության պատճառով։ Ամաղլոբելին կալանքի տակ է հունվարի 11-ից, նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում ոստիկանին ապտակելու համար։
Նույն օրը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները ֆիզիկական բռնության են ենթարկել նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար»-ի հիմնադիր Գիորգի Գախարիային։ Բժշկի խոսքով՝ նա ստացել էր քթի ոսկորի կոտրվածք, ուղեղի ցնցում։
Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ ներքին գործերի նախարարությունը Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը, հետաքննություն է սկսել, իսկ ավելի ուշ գործը փոխանցել է դատախազություն։
Ֆիզիկական բռնություն՝ քաղաքական մոտիվներով. ճնշումներ Վրաստանում