
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ ապրիլի 1-ին, մի քանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո լրատվամիջոցների համար ճեպազրույցում խոսել է «առաջին հանդիպման» մասին։ Զուրաբիշվիլին ասել է` «այսօր համակարգում է տեղի ունեցել» կապված երկրի առջև ծառացած մարտահրավերների հետ։
«Ցանկանում եմ ձեզ ներկայացնել համաձայնեցված դիրքորոշումները, ինչը չի բացառում, որ առանձին կուսակցություններ հետագայում կարող են այլ կերպ ներկայացնել իրենց տեսլականները, որոնք համատեղ համաձայնեցված չեն լինի։ Սա այն համակարգումն է, որն այսօր սկսում է գործել։ Պետք է ասել, որ երեկվա բողոքի ակցիան մեզ մեծ հույս է ներշնչում և հաստատում, որ իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը չի կարողացել և չի կարող ցրել այս բողոքը։ Բողոքը կա հասարակության շրջանում, և երբ հնարավորություն տրվի ավելի ուժեղ ի հայտ գալու` կարտահայտվի։ Դա մշտական է, և ոչինչ և ոչ ոք չի կարող վախեցնել այս բողոքի ակցիայի մասնակիցներին և հանրությանը», — ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, «համակարգման» կանոնները հիմնված են «դիմադրության հարթակի» վրա, որը ներկայացվել է եվրոպամետ քաղաքական սպեկտրի մասնակցությամբ, որի մասին նշեց մարտի 31-ին խորհրդարանի դիմաց բողոքի ցույցի ժամանակ իր ելույթում։
Զուրաբիշվիլին հայտարարել է նաև, որ ապրիլի 7-ին Եվրախորհուրդը կանցկացնի նիստ, «որտեղ հավանաբար շատ խիստ բանաձև կընդունվի Վրաստանի վերաբերյալ»։
Ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Էլենե Խոշտարիան ասել է, որ արևմտամետ ընդդիմադիր ուժերի միջև սկզբունքային կոնսենսուս կա մի քանի հարցերի շուրջ, այդ թվում՝ վիճահարույց խորհրդարանի բոյկոտը, բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակման պահանջը և նոր ընտրությունների նշանակումը, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու հարցում դիրքորոշումներն անփոփոխ են։
Կոալիցիայի մեկ այլ առաջնորդ Նիկա Գվարամիան ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է համակարգման խնդրին և գրել, որ ««Ախալի» կուսակցությունը միշտ հնարավորություն կտա համակարգման և միասնական գործողությունների՝ ի շահ Վրաստանի»։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։
«Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդներից Թամար Չերգոլեիշվիլին սոցցանցերում հրապարակել է կուսակցությունների ցուցակը, որոնք միանում են Զուրաբիշվիլիի համակարգմամբ հայտարարված «Դիմադրության հարթակին»։
«Ֆեդերալիստներ, Գախարիա («Վրաստանի համար» — հեղ.), Լելո, Դրոա, Ազատության հրապարակ, Եվրոպական Վրաստան, Ռազմավարություն Աղմաշենեբելի. այս ուժերը միացել են նախագահի հետ նոր ձևաչափին», — գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Չերգոլեիշվիլիի տրամադրած ցուցակի համաձայն՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, «Ախալի» և «Գիրչի — առավել ազատություն»-ը չեն միանա համակարգմանը։ Որոշ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ դեռ չեն արձագանքել համակարգման հարցին։
Զուրաբիշվիլին բազմիցս հայտարարել է, որ իր ջանքերն ուղղված չեն կուսակցությունների միավորմանը և մեկ քաղաքական ուժ դառնալուն, քանի որ դրանք տարբեր օրակարգեր ունեն, և գլխավորը կարևոր հարցերի շուրջ ուժերի համախմբումն է։
Բացի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից, Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ամիսներ շարունակ հանդիպումներ է ունենում այլ խմբերի հետ։ 5-րդ նախագահը պարզաբանել է, որ փորձում է համակարգել ընդդիմադիր կուսակցությունների, նաև հասարակական խմբերի, բիզնեսի և բոլոր այն հատվածներին, որոնք կարող են նպաստել, այդ թվում՝ ուժեղացնել բողոքի ակցիաները և նոր ընտրություններ անցկացնելու նպատակը։