Զուրաբիշվիլին Վրաստանը կներկայացնի Մյունխենի համաժողովում

Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։

Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի ծառայության հաղորդմամբ, նա բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական առաջնորդների և ԱՄՆ պատվիրակության հետ։

Մյունխենում նախատեսված են հանդիպումներ նաև Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Վրաստանի հինգերորդ նախագահը կմասնակցի համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին՝ «Վրաստանը ուշադրության կենտրոնում» և «Ռուսաստանի հիբրիդային մարտավարությունը» թեմաներով, որտեղ կխոսի երկրում առկա իրավիճակի և մարտահրավերների մասին։

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կունենա նաև Մյունխենում վրաց սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Ընդգծենք. ԵՄ և Արևմտյան բազմաթիվ երկրներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ Վրաստանի միակ լեգիտիմ ներկայացուցիչ ճանաչում են Սալոմե Զուրաբիշվիլիին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին Զուրաբիշվիլին միակն էր Վրաստանից, որ Վաշինգտոնում մասնակցեց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները Թրամփի երդմնակալությանը հրավիրված չէին. նրանք չեն մասնակցելու ո՛չ Դավոսի տնտեսական ֆորումին, ո՛չ Մյունխենի անվտանգության համաժողովին։