Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով իր աջակցությունը Վրաստանի անունից:
Նախագահը չեղարկել է այսօր նախատեսված ազգային համաձայնության նիստը։
«Ես չեղարկել եմ ազգային համաձայնության այսօրվա նիստը, քանի որ այսօր ազգային համաձայնության հարցը Ուկրաինան է և մեր համերաշխությունը Ուկրաինային։
Այսօր ողբերգական օր է Ուկրաինայի համար։ Նրանք մինչ այս՝ ամեն ինչ անում էին խաղաղություն պահպանելու համար, նրանք չկարողացան կանխել ռուսական լայնածավալ ագրեսիան։ Այսօր, երբ այդ երկիրը փորձում է գլուխ հանել այս ծանր իրավիճակից, Վրաստանը կանգնած է նրա կողքին», — նշել է նախագահը:
Նա հայտարարել է, որ այսօր ողբերգական օր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի և ողջ Եվրոպայի համար.
«Այս օրը ողբերգական է նաև Վրաստանի, Եվրոպայի և աշխարհի բոլոր խաղաղասեր ժողովրդավարական ազգերի համար, քանի որ Եվրոպայի սրտում պատերազմ է սկսվել՝ չնայած երկխոսության բոլոր փորձերին։ Որպես Վրաստանի նախագահ, մի երկրի նախագահ, որը ենթարկվել է նմանատիպ ագրեսիայի, ես ցանկանում եմ մեր համերաշխությունը հայտնել Ուկրաինայի նախագահին, կառավարությանը և ժողովրդին։ Ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել ուկրաինացի զինվորներին, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը՝ պաշտպանելու համար իրենց երկրի ինքնիշխանությունը։ Ես ցանկանում եմ միանալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մյուս բոլոր առաջնորդներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը»:
Զուրաբիշվիլին հավելել է, նաև որ պատրասվում է ստորագրել արտահերթ նիստ անցկացնելու դիմումը, մեկնաբանելով.
«Ուկրաինայի հարցը մեր խնդիրն է, և մենք պետք է այնտեղ էլ լսենք Վրաստանի ձայնը։ Մենք եղել ենք, կանք և միշտ լինելու ենք խաղաղ ճանապարհ գտնելու փորձի, բայց սկզբունքների պահպանման կողմում»:
—————————————————————————————————————
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։