Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստից առաջ հայտարարել է, թե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «գործակալների մասին օրենքի» վրա «կոպտորեն» վետո դնելով, վերացրել է այդ հարցի քննարկման հնարավորությունները։
«Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց այս օրենքի վրա՝ դրանով իսկ արգելափակելով քննարկման բոլոր տարածքները։ Միջազգային գործընկերներին ուղղված մեր առաջարկն էր օգտագործել վետոյի ընթացակարգը՝ դիրքորոշումները հաշտեցնելու համար, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն վետո դրեց օրենքի վրա՝ փակելով առողջ քննարկման ողջ հնարավորությունները», ասել է վարչապետը։
Հիշեցնենք. մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետո է դրել «գործակալների օրենքի» վրա։ Նրա խոսքով՝ դա «ռուսական օրենք» է և հակասում է թե՛ երկրի սահմանադրությանը, թե՛ եվրոպական ստանդարտին։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։