Զուրաբիշվիլին շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Զուրաբիշվիլին դիմել է ֆոն դեր Լեյենին և համոզմունք հայտնել, որ նոր Եվրահանձնաժողովը կօգնի Վրաստանին վերադառնալ եվրոպական ուղի։

«Շնորհավորում եմ, նախագահ ֆոն դեր Լեյեն, ձեր նոր մանդատի կապակցությամբ: Ես հավատում եմ, որ դուք կշարունակեք նույն եռանդով պաշտպանել ժողովրդավարությունն ու ազատությունն Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում, ավելի ուժեղ և մեծ Եվրոպայի գաղափարը: Այսօր մեզ դժվար ժամանակներ են սպասվում: Մենք՝ վրացիներս, հավատում ենք, որ ձեր ղեկավարությամբ նոր Եվրահանձնաժողովը Վրաստանին շատ արդյունավետորեն կօգնի վերադառնալ եվրոպական ուղի»,- գրել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատել է Եվրամիության գլխավոր գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը։ Այս որոշումը պաշտպանել է 370 պատգամավոր՝ հիմնականում աջ կենտրոնամետ, ձախ կենտրոնամետ և լիբերալներ։ Դեմ էին 282 պատգամավորներ, հիմնականում՝ այս գումարման Եվրախորհրդարանում ընդդիմությունը ներկայացնող ուժերի ներկայացուցիչներ (աջ պոպուլիստներ, ազգայնականներ, ազգային-պահպանողականներ, ձախեր)։ Ձեռնպահ է քվեարկել 36 պատգամավոր։

Հանձնաժողովը կրկին կգլխավորի Գերմանիայի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նոյեմբերի 27-ի իր ելույթում նա, նախ, անդրադարձել է անվտանգության և տնտեսության խնդիրներին։ Նա նշել է Եվրամիության «ռազմավարական անկախության» կարևորությունը, այդ թվում՝ ռուսական էներգակիրների ներմուծումից, նաև ԵՄ անդամներին կրկին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը։