
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ազգային կոնսենսուսի հասնելու համար։ Նախագահական նստավայրում հերթական հանդիպումը եղել է այսօր առավոտյան։
Նախագահի մոտ են եկել «Վրացական երազանք» կուսակցությունից՝ Նինո Ծիլոսանին, «Լելո»-ի անդամ ՝ Անա Նացվլիշվիլին, «Հանուն արդարության» կուսակցության հիմնադիր Էկա Բեսելիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի շաբաթ է իր նախաձեռնած ազգային համաձայնության գործընթացի շրջանակներում հանդիպում է քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
2021 թվականի դեկտեմբերի 20-ին Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած ազգային կոնսենսուսի գործընթացը բարդ է, բաց և թափանցիկ, ու այս գործընթացի սկզբում նախագահը լսում է բոլորին, հանդիպումներ է ունենում և հետաքրքրված է տարբեր հասարակական խմբերի տեսակետներով, նախաձեռնություններով կամ դիրքորոշումներով: