Այսօր Հավլաբարի նախկին նստավայրում, որն արդեն իրականացնում է միայն պետական արարողությունների գործառույթը, Վրաստանի և Կիպրոսի նախագահները մասնակցել են երկկողմ փաստաթղթերի ստորագրմանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկատվության, Վրաստանի արտաքին գործերի և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարները երեք փաստաթուղթ են ստորագրել՝ առողջապահության և բժշկության բնագավառներում համագործակցության, գաղտնի տեղեկատվության փոխանակման և երկկողմ պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
«Մենք խոսել ենք այն մասին, որ երկու կայուն երկրներ՝ Վրաստանն ու Կիպրոսը, այսօր լուրջ խնդիրներ ունեն հակամարտության, օկուպացված տարածքների հետ կապված։ Մեր հաստատակամ դիրքորոշումն է այդ խնդիրների լուծմանը հասնել խաղաղ ճանապարհով», — ասել է Վրաստանի նախագահը՝ Կիպրոսի նախագահի այցը Վրաստան պատմական համարելով։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Վրաստանում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Առավոտյան պետական արարողությունների պալատում տեղի է ունեցել Կիպրոսի նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Կիպրոսի նախագահը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում Կիպրոսի նախագահը տիկնոջ` Անդրի Անաստասիադիսի հետ կհանդիպի նաև ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի հետ:
Ի դեպ, սա պատմության մեջ առաջին անգամ է, որ Վրաստան է այցելում Կիպրոսի նախագահը։
Հետաքրքրական է մի փաստ, որ օրեր առաջ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է օգտագործել ԵՄ-Կիպրոս մոդելը, որպեսզի Վրաստանը դառնա դաշինքի անդամ, նույնիսկ այն դեպքում, երբ նրա տարածքների մի մասն օկուպացված է։