Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո «կլինի այնտեղ, որտեղ պետք է»։ Հունիսի 11-ին երիտասարդների հետ հանդիպմանը նա ասել է, որ «եթե (նախագահական ընտրություններին-հեղ.) իրենց թեկնածուն լինի, շատ ուրախ ու հպարտ կլինի»։
«Ես չգիտեմ, թե ում կոնսենսուսը կլինի, դա կլինի «Վրացական խարտիան» ստորագրող կուսակցություններինը, թե հասարակության որոշումը: Ես կրկին ասում եմ՝ կլինեմ այնտեղ, որտեղ պետք է, որ այս գործն ավարտին հասցնենք: Ինձ համար գործն ավարտին հարցնելը մի կողմից ընտրությունների հաղթանակն է, հետո՝ կարճ ժամանակում խարտիայի իրականացումը:
Ես ուզում եմ լինել այն մարդը, ով կպաշտպանի արդյունքը (խարտիայի իրականացման արդյունքը-հեղ.), կհասցնի Բրյուսել, և կմեկնարկեն (ԵՄ անդամակցության-հեղ.) բանակցությունները։ Կլինի դա նախագահի դերում, թե այլ՝ ապագան ցույց կտա։ Եթե ձեր թեկնածուն լինեմ, շատ ուրախ ու հպարտ կլինեմ», — ասել է Զուրաբիշվիլին։
Հունիսի 11-ին Զուրաբիշվիլին հանդիպել է երիտասարդների հետ։ Միջոցառման բացման ելույթում դիմելով հավաքվածներին՝ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ աշխարհին ցույց տալու համար, որ «Վրաստանը եվրոպական և վրացական ապագայից զատ այլ ապագա չի կարող ունենալ»:
Նախագահի «Վրացական խարտիայի» նախաձեռնության տակ ստորագրել են 17 քաղաքական կուսակցություններ և հինգ անկախ պատգամավորներ։ Հայտնի է, որ «Վրաստանի համար», «Գիրչին» և «Լեյբորիստական կուսակցությունը» չեն միանում «Վրացական խարտիային»։