Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։
Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է Վրաստանում տեղի ունեցող զարգացումները։ Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է նաև «գործակալների օրենքը»։
Նախագահն ընդգծել է, որ ոչ ոք չի կարող Վրաստանին շեղել եվրոպական ճանապարհից, որը ոչ պակաս կարևոր է Եվրոպայի համար։
«Եվրախորհրդի նախագահի հետ երկարատև հեռախոսազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը քննարկել է երկրում տեղի ունեցող զարգացումները, Վրաստանի եվրաինտեգրումը և դրան խոչընդոտող գործոնները, ինչպես օրինակ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագիծը, որը վերսկսվել է խորհրդարանական մեծամասնության կողմից։ Քննարկել են նաև այս օրինագծի պատճառով երկու շաբաթ շարունակվող հասարակական բողոքը, Վրաստանի գործընկերների և երկրի եվրաինտեգրման ճանապարհին բարեկամների աջակցության կարևորության վերաբերյալ»,- գրված է նախագահի կայքում։
Ուշագրավ է, որ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայիսի 2-ին, Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել էին նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։