Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օրբելիանի» պալատում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին։
Զուրաբիշվիլին Լավրովին հիշեցրել է իրենց ունեցած բանակցությունները և որ այն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասում էր՝ երկրները դաշնակից ընտրելու իրավունք ունեն:
«Ես ուզում եմ հիշեցնել պարոն Լավրովին, որ երբ մենք բանակցություններ էինք վարում, նա կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր երկիր՝ ելնելով իր ինքնիշխանությունից, լիակատար ազատություն ունի ընտրելու դաշնակիցներին։ Կարծում եմ՝ սա շատ լավ սկիզբ էր, և ես ուզում եմ ինչ-որ կերպ հիշել դա այսօր»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում (2004-2005 թթ.) Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս հանդիպել է ՌԴ ԱԳ-ի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Սալոմե Զուրաբիշվիլին Լավրովի հետ բանակցություններ է վարել նաև Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման շուրջ։