Զուրաբիշվիլին Իվանիշվիլիի և Ռուսաստանի միջև ընդհանուր շահեր է տեսնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, իշխող «Վրացական երազանք»  կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Ռուսաստանի շահերի մերձեցման «որոշ նշաններ կան», թեև, ըստ նախագահի՝ դա կարող է լինել «զգուշավորություն» կամ «անձնական մտածելակերպի դրսևորում»: Այս տեսակետը Զուրաբիշվիլին հայտնել է մարտի 6-ին Օրբելիանիի պալատում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ես տեսնում եմ, որ կան որոշ նշաններ, որոնք կարող են լինել զգուշավորություն, կարող է լինել անձնական մտածելակերպի դրսևորում, կարող են այլ բաներ լինել, բայց դա իմ խնդիրը չի»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ Վրաստանի քաղաքացիները թույլ չեն տա ռուսամետ իշխանություն ունենալ, եթե դա «ուրվագծվի»։

Նախագահի խոսքով՝ «ոչ ոք չի համարձակվում» ռուսամետ լինել։ Նա հիշատակել է վարչապետ Իրակլի Կոբախիձեին և ասել, որ առաջին անգամ որպես վարչապետ Բրյուսել է մեկնել արևմտյան գործընկերների քննադատությունից հետո։

Ի դեպ, Զուրաբիշվիլին քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2023 թվականի մայիսի որոշումը՝ չեղարկել վիզային ռեժիմը և վերականգնել Վրաստանի հետ ուղիղ չվերթերը: Այն ժամանկ նախագահը դիմել էր կառավարությանը՝ նշելով, որ լսեն ոչ թե հակաարևմտյան «Ժողովրդի ուժը»-ը շարժմանը, այլ՝ ժողովրդի ձայնը:

Զուրաբիշվիլին ասել է, որ «շատ հարցեր» ունի Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վերաբերյալ։

Անդրադառնալով իշխող թիմի արտաքին քաղաքականությանը` նախագահն ասել է, որ շատ երկրներ հարաբերություններ ունեն Չինաստանի հետ, և Վրաստանը պետք է հարաբերություններ հաստատի այդ երկրի հետ, «սակայն դա չի նշանակում` անորոշության առաջացում մեր հիմնական գործընկերների հետ, սա նաև հավասարակշռություն է»։

«Նախորդ դարերում եղել են ժամանակաշրջաններ, երբ Վրաստանն իր անկախության համար հավասարակշռում էր հարաբերությունները տարբեր կայսրությունների միջև, դա բոլորովին այլ ժամանակ էր և բոլորովին այլ միջավայր: Այսօր մենք պետք է ընտրենք մեր գործընկերներին, և չպետք է մանիպուլյացիաներ լինեն: Մենք կարող ենք ունենալ շատ նորմալ տնտեսական հարաբերություններ Չինաստանի հետ, բայց ռազմավարական գործընկերության փաստաթղթի վերաբերյալ շատ հարցեր ունեմ»,- ասել է Զուրաբիշվիլին։