Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկվա հոմոֆոբ ցույցի հետ կապված գրառում է կատարել` նշելով, որ դա սադրանք է, երկրի եվրոպական ճանապարհին խոչընդոտելու փորձ, և չի արտահայտում Վրաստանի ժողովրդի կարծիքը։
«Բնակչության ավելի քան 80 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը, աներևակայելի է, որ այդ ռուսամետ, բռնի, հոմոֆոբ և հակաեվրոպական խմբերի գլուխ բարձրացնելը երկրի համար ճակատագրական պահին արդարացվի։
Դա սադրանք է, մեր երկրի եվրոպական ճանապարհին խոչընդոտելու փորձ, որը չի արտահայտում վրաց ժողովրդի կարծիքը և չի համընկնում նրա եվրոպական ընտրության հետ», — գրել է Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
Զուրաբիշվիլին նշում է, որ այդ ցույցը Վրաստանը որպես հակաարևմտյան և հակաեվրոպական պետություն ներկայացնելու ծրագիր է։
«Էլ ի՞նչը պետք է կատարվի այսքան ծրագրված և հաջորդաբար՝ փողոցային բռնություն, բռնություն քաղաքական գործիչների նկատմամբ, բռնություն կին քաղաքական գործիչների նկատմամբ, հարձակումներ դեսպանների և եվրոպական սկզբունքների վրա, եվրոպական խորհրդանիշը վիրավորելու կոչեր։
Նման գործողությունները միանգամայն անընդունելի և դատապարտելի են ու վնասում են երկրի եվրոպական ապագային», — հավելում է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 6-ին Թբիլիսիում ԵՄ գրասենյակի մոտ հակաարևմտյան և հոմոֆոբ խմբերի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 7 ցուցարար, այդ թվում՝ բռնի և հոմոֆոբ խմբի ղեկավար Գուրամ Փալավանդիշվիլին:
Կարդացեք նաև՝
Լիտվայի դեսպանը դատապարտել է դիվանագետներին ուղղված վիրավորանքը