
Երեկ՝ մարտի 13-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հետ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ հանդիպմանը Կոլոնան հայտնել է Ֆրանսիայի աջակցությունը Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացին։
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է օրենքի գերակայության առումով բարեփոխումների ակտիվացման անհրաժեշտությունը՝ համաձայն Եվրահանձնաժողովի 12 առաջարկությունների, որպեսզի Վրաստանը ստանա անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
«Տիկին Քեթրին Կոլոնան ողջունել է Վրաստանի խորհրդարանի որոշումը՝ մերժել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը։ Նա կոչ է արել ապագայում զգոն լինել ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որը խաթարում է վրաց հասարակության միասնությունը։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները և աջակցել Վրաստանին՝ Ռուսաստանի ապակայունացման ջանքերի ֆոնին»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։