Զուրաբիշվիլին համաներման վերաբերյալ մորատորիում է հայտարարել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներման վերաբերյալ մորատորիում է հայտարարում: Այս մասին նախագահը հայտարարել է քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ այս որոշումը կայացրել է «մի քանի մարդու համաներման վերաբերյալ հասարակության անհանգստությունից հետո»:

«Այս պայմաններից ելնելով՝ ես հայտարարում եմ մորատորիում։ Ես նախկինում ևս առաջարկել եմ, որ համաներման մասին կանոնները վերանայվեն, և որ այն մշակվի խորհրդարանում՝ աշխատանքային խմբի կողմից: Այս մասին արդեն խորհրդակցել եմ խորհրդարանի խոսնակի հետ: Հունվարից մենք նոր կանոններ կմշակենք և առաջարկներս կհանձնվեն խորհրդարանի նախագահին: Հաջորդ շաբաթ տեղի կունենա հանդիպում աշխատանքային խմբի հետ», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Մորատորիում (իրավ․) — քաղաքացիական իրավունքում՝ պետության կողմից որոշ ժամանակով կամ մինչ որևէ արտակարգ դեպքի ավարտը սահմանված պարտավորության կատարման հետաձգում:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում շնորհեց 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում 22 ամյա ոստիկանին սպանելու համար: Սա մեծ աղմուկ բարձրացրեց երկրում և բողոքի ցույցերի պատճառ դարձավ։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ համաներում շնորհածների մեջ կա նաև հետախուզման մեջ գտնվող անձ: