
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 15 տեսաուղերձ է հրապարակել՝ դիմելով ԵՄ անդամ երկրների ղեկավարներին։ Նախագահը հունիսի 24-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում նախագահներին և կառավարության ղեկավարներին կոչ է արել աջակցել Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Զուրաբիշվիլին դիմել է Էստոնիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ավստրիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Գերմանիայի, Խորվաթիայի և ԵՄ անդամ այլ երկրների ղեկավարներին։
Օրինակ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային ուղղված տեսաուղերձում Զուրաբիշվիլին հիշեցնում է, որ Վրաստանն ու Լեհաստանն ունեն ընդհանուր ողբերգական անցյալ՝ բռնազավթված տարածք և բաժանում եվրոպական ընտանիքից։
Զուրաբիշվիլին դիմելով Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, նշել է, որ եվրոպացիների միջև չի կարելի կառուցել պատեր։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին պարզ դարձավ, որ Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։