Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վրաց ժողովրդին։
Զուրաբիշվիլին իր հատուկ ճեպազրույցը սկսել է հենց ցավակցական խոսքերով:
Նա նաև անդրադարձել է Վրաստանի գործող կառավարությանը, գնահատել «Վրացական երազանքի» քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Վրաստանն ունի դե ֆակտո նախագահ և կառավարություն:
«Սահմանադրությունը ոտնահարվել է, դատարան այլևս գոյություն չունի, և մենք ունենք դե ֆակտո կառավարություն»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ խորհրդարանն ու կառավարությունը ոչ լեգիտիմ են:
Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի հինգերորդ նախագահը հաստատել է, որ մասնակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Բացի այդ, Զուրաբիշվիլին «անկրթություն» է անվանել Իվանիշվիլիի կառավարության հայտարարությունները, որոնք նրանք օգտագործում են արևմտյան գործընկերների դեմ։