
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությանը` հայտարարելով, որ դա վճռական քայլ է դեպի երկարաժամկետ կայունություն կովկասյան տարածաշրջանում։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը: Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վճռորոշ քայլ է կովկասյան տարածաշրջանում կայունության ճանապարհին։ Այս պատմական ձեռքբերումը խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ է բերում»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ։
«Խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի Հանրապետության հետ համաձայնագրի ստորագրման պահին և վայրում»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։