Զուրաբիշվիլին արձագանքել է ապրիլի 9-ի վերաբերյալ Կոբախիձեի հայտարարությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում արձագանքել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ապրիլի 9-ին առնչվող հայտարարությանը:

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 9-ի ողբերգության մասին իր հայտարարության մեջ հինգ անգամ նշել է «օտար ուժ» բնորոշումը, իսկ Ռուսաստանը՝ ոչ մի անգամ։

«Ապրիլի 9-ը ռուսական բանակի դաժան և անողոք բռնաճնշումների օրն է։
Ապրիլի 9-ը Վրաստանի խաղաղ պայքարի հաղթանակի օրն է։ Պատերազմ ու բռնություն են բերում միայն ռուսներն ու նրանց ստրուկները։ Ոչ ռուսական պատերազմին, ոչ ռուսական բռնությանը: Խաղաղությունը, հավատը ապագայի հանդեպ, ազատությունը, անկախությունը կհաղթեն», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 36 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է: