Զուրաբիշվիլին անդրադարձել է առատ ձյան ստեղծած խնդիրներին

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է եղանակային վատ պայմանների և առատ ձյան պատճառով տարբեր շրջաններում ստեղծված խնդիրներին։

«Գուրիա, Բաթումի, Քոբուլեթի… երկիրը տեր չունի, պետության ունեցած բոլոր միջոցները շեղված են դեպի ռեպրեսիաներ, և քաղաքացիները մնում են այն նախազգուշացումների հույսին, որոնք ուղարկում է մեզ 112 հաղորդագրությունը», — գրում է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ Բաթումիում ձյան առատ տեղումների պատճառով հասարակական տրանսպորտը դադարեցրել է աշխատանքը։

Բարձրլեռնային Խուլո, Շուախևի և Քեդա գյուղերում ձյան ծածկը հասնում է 2 մետրի, իսկ Խելվաչաուրիում և Քոբուլեթիում՝ 1,50 մետրի։ Լանչխութիի քաղաքապետի խոսքով՝ ավերվել է մոտ 40 տուն։ Ծանր է իրավիճակը նաև Գուրիայի շրջանում ձյան առատ տեղումների պատճառով։ Բնակչությունն օգնություն է խնդրում. Որոշ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, ինչի հետևանքով տեղացիները մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի։