
«Կցանկանայի դիմել մասնավորապես Մզիա Ամաղլոբելիին՝ շնորհակալություն հայտնելու հացադուլը դադարեցնելու համար։
Մեզ պետք են առաջնորդներ, մեզ պետք են հզոր կանայք, մեզ պետք են կենդանի անձնավորություններ: Մեզ զոհողություններ պետք չեն», — ասել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիի մասին:
Նրա խոսքով՝ շատերն են աջակցում նրան, դա կշարունակվի, ավելի կուժեղանա, երբ Ամողլեբելին դառնա հասարակության իրական, կենդանի առաջնորդը:
«Շատ շնորհակալ եմ Մզիա, մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,— ասել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, երեկ՝ փետրվարի 18-ին, հացադուլի 38-րդ օրը Մզիա Ամաղլոբելին որոշել է վերսկսել սննդի ընդունումը։ Նրա նամակը հանրությանը ներկայացրել է լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էթեր Թուրաձեն։
Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։