Վրաստանում գործող 10 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում են վետո դնել գաղտնի հսկողության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների վրա:
Նշենք, որ խոսքը հունիսի 7-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի նախագծի մասին է:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ ընդունված օրենքը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային նորմերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային։
ՀԿ-նեը նշում են, որ օրենսդրական փոփոխությունները բնութագրվում են մի շարք թերություններով, և, մասնավորապես, ընդգծում են գաղտնի քննչական գործողությունների ժամանակի և անձին գաղտնի քննչական գործողությունների մասին հաղորդում տալու նոր կանոնները:
Ըստ հայտարարության հեղինակների՝ ընդունված օրենքն անվավեր է ճանաչում 2014 թվականին քաղաքացիական հասարակության և Եվրոպայի խորհրդի փորձագետների ակտիվ ներգրավմամբ կատարված օրենսդրության դրական փոփոխությունները:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀԿ-ները կոչ են անում Վրաստանի նախագահին իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և վետո դնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների վրա և դրանք վերադարձնել խորհրդարան՝ հիմնավորված դիտողություններով։
Ստորագրող ՀԿ-ներն են՝
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»,
- «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»,
- «Սոցիալական արդարության կենտրոն»
- «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն», (ISFED)
- «Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն», (GDI)
- «Մարդու իրավունքների կենտրոն», (HRC)
- «Լիբերալ ակադեմիա»,
- «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ», (IDFI)
- «Իրավունքներ Վրաստան»,
- «Բաց հասարակության հիմնադրամ»: