Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Անկախության օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթի ժամանակ նշել է, որ մայիսի 26-ին վրաց ազգը վերջնականապես որոշեց ապրել ազատ ու անկախ երկրում։ Այսպիսով, վրաց ազգը մեկընդմիշտ հրաժարվեց ստրկությունից, հրաժարվեց լինել մեկ այլ երկրի՝ մաս։
«Մայիսի 26-ը միայն անցյալի վերածննդի օր կամ սովորական տոն չէ։ Այն նաև մտորումների և փոխըմբռնման օր է: Այն օրը, երբ մենք պետք է մտածենք մեր երկրի մասին, երկրի ապագայի, ժողովրդի բարեկեցության, անկախության ու ազատության մասին», — ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ Վրաստանը կրկին կանգնած է խաչմերուկում․
«Մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է։ Ոչ ոք չի կարող խուսափել այս պատասխանատվությունից, սակայն, ակնհայտ է, որ այս մտածողությունն ավելի կարևոր է ամբիոնի այս կողմում կանգնածներիս համար, քանի որ ավելի շատ պարտականություններ ունենք։ Այդ պատասխանատվությունն ավելի է սրվում, քանի որ Վրաստանը կրկին կանգնած է խաչմերուկում։ Մեզ սպասվում է նոր հնարավորությունների և մարտահրավերների ժամանակաշրջան։ Դա մեզանից պահանջում է որոշակի պատասխաններ, պատրաստակամություն և խիզախություն՝ զգուշավորության հետ մեկտեղ», — ասել է նախագահը։
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ Պետական անկախության ակտն ընդունվել է Վրաստանի Ազգային խորհրդի կողմից ուղիղ 104 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին։