Մարտի 13-14-ին կայացավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Հայաստան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
Այցը կարելի է համարել աննախադեպ՝ հաշվի առնելով բոլոր այն հայտարարությունները, որ արվեցին երկու կողմից: Համեմատելով նախորդ մնացած այցերի հետ, որտեղ հիմնականում արձանագրվում էին պրոտոկոլային հայտարարություններ՝ կապված տարածքային ամբողջականության աջակցության, ինչպես նաև հարաբերությունների խորացման հետ, այս այցը նշանավորվում է սուր հարցադրումներով և ուղիղ երկխոսություններով՝ վերաբերող շատ խնդիրների:
Ի՞նչ հանդիպումներ են կայացել
Երկօրյա այցի շրջանակներում Զուրաբիշվիլին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Զուրաբիշվիլին նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Այնուհետև կայացել է Վրաստանի ու ՀՀ նախագահների հանդիպումը: Հանդիպման ընթացքում Զուրաբիշվիլին բարձրացրել է սահմանի դելիմիտացիայի հարցը, խոսել հայ-վրացական հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին, ինչպես նաև Արմեն Սարգսյանին հրավիրել է Բաթումիում նախատեսված «Արևելյան համագործակցության» 10-ամյակին նվիրված կոնֆերանսին: Զուրաբիշվիլին կարևորել է այն փաստը, որ իր երդմնակալության ժամանակ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով ներկայացված էր Հայաստանը: Շեշտը դրվել է նաև Վրաստանում բնակվող էթնիկ հայերի գործունեության, ինտեգրման վրա: Զուրաբիշվիլիի խոսքով, կարևոր է երկրի զարգացման գործում կիրառել էթնիկ հայ երիտասարդների ներուժը:
Հատկանշական է Զուրաբիշվիլիի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպման ընթացքում Փաշինյանն ընդգծել է փաստը, որ պաշտոնական առաջին այցը կատարել է Վրաստան, ավելացնելով, որ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունեն: Հանդիպման ընթացքոմ Զուրաբիշվիլին բարձրացրել է հայ-վրացական մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագրի վերականգնման հարցը:
Հիմնական ուղերձները
Թերևս ամենասուր հայտարարություններն արվել են ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում: Այստեղ Զուրաբիշվիլին բարձրացրել է մի քանի հարց. կարևոր է Վրաստանի նախագահի հայտարարությունը, թե ցավոտ են համարում, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններ են այցելում Աբխազիա և «Հարավային Օսիա»։
«Գտնում ենք՝ այստեղ չկա այն բարիդրացիականությունը, որը պետք է գոյություն ունենա մեր երկրների հանդեպ: Ինչպես գիտեք, Վրաստանում երկու օկուպացված տարածք կա և մեզ համար, եթե խոսում ենք երկրի շահերի մասին, գլխավոր ու միակ շահն է, որ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչված լինի ոչ միայն խոսքով, այլև փաստացի»,- ասել է Զուրաբիշվիլին:
Արարատ Միրզոյանն էլ խոսել է Վրաստանի նախագահի՝ Բաքու կատարած առաջին այցի՝ Ղարաբաղին վերաբերող հայտարարության մասին: Հիշեցնենք, Զուրաբիշվիլին նշել էր, որ Վրաստանն ու Ադրբեջանն միանման կոնֆլիկտներ ունեն։
«Բոլոր միջազգային կառույցները, Եվրոպական միությունն այդ թվում, հստակ տարանջատում են դնում Ղարաբաղյան կոնֆլիկտի ու մնացած կոնֆլիկտների միջև: Ես կարծում եմ՝ տարբեր կոնֆլիկտների համար ընդհանրացնող ձևակերպումները վնասում են գործին: Մեր ամուր հարաբերությունները մեզ թույլ են տալիս համագործակցել միջազգային զանազան հարթակներում»,- ասել է Միրզոյանը:
Միրզոյանի հետ ընդլայնված ձևաչափում հանդիպման ընթացքում Զուրաբիշվիլին հնչեցրել է նաև Աբխազիայում հայ առաքելական եկեղեցիների հարցը, ասելով, որ դրանք գտնվում են Ռուսաստանի մետրոպոլիտի ենթակայության տակ, ինչը նույնպես Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում է: Տվյալ հարցը Զուրաբիշվիլին բարձրացրել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում: Վրաստանի նախագահն արձանագրել է դիրքորոշումն ու պահանջել ժամանակին փոխել որոշումը՝ վերադարձնել եկեղեցին, ինչպես դա եղել է նախկինում:
Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Ալիք մեդիային» ասում է, որ Վրաստանի նախագահի այս այցը տարբերվում էր նախորդներից նրանով, որ շեշտը դրվեց այսօրվա խնդիրների ու հարցերի վրա և կողմերը նայեցին դեպի ապագա:
«Միջպետական հարաբերություններում հաճախ են լինում խնդիրներ, որոնք պիտի բարձրաձայնվեն: Նախագահը ցույց տվեց, որ որոշ բաներ իր համար այն չեն, կամ ինքը չի հասկանում. Արցախի հետ կապված հայաստանյան դիրքորոշումը հերթական անգամ հայտնվեց, ըստ որի՝ Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և բոլոր ջանքերն է գործադրելու, որ տարածաշրջանում կայունություն լինի: Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, կարևոր էր շեշտը դնելը նրա վրա, որ այն տարբերվում է Վրաստանի խնդիրներից, թե հիմքով, թե լուծումների ճանապարհներով», — ասում է Մելիքյանը։
Միևնույն ժամանակ, փորձագետն ասում է, որ դրամատիկ որևէ բան տեղի չի ունեցել․
«Ինչ վերաբերում է Բաքվում արված հայտարարություններին, ապա մեզ համար գաղտնիք չէ, որ Վրաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը տարիների ընթացքում ճանաչում է ու անընդհատ դրա մասին խոսում է»։
Ինչպե՞ս քննարկվեց այցը վրացական մամուլում ու սոցցանցերում
Հարկ է նշել, որ վրացական մամուլն ակտիվորեն անդրադարձավ Զուրաբիշվիլիի վերոնշյալ կոնկրետ հայտարարություններին: Կարելի է ասել, որ Զուրաբիշվիլիի վարկանիշը ՀՀ կատարած այցից հետո Վրաստանում բարձրացավ, ու, եթե մինչ այս սոցցանցերում ու հոդվածների մեկնաբանություններում Զուրաբիշվիլիի հանդեպ բացասական մեկնաբանությունները մեծ թիվ էին կազմում, ապա ՀՀ կատարած այցին հնչեցրած հայտարարություններ պարունակող նյութերն արժանացել էին օգտատերերի գովասանքներին: