Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կտրականապես դատապարտում է բոլոր տեսակի բռնությունները, իսկ դրա արդարացման փորձերը` առավել ևս:
Նա պատասխանել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ երեք կանանց մեղադրանքներին` ուղղված POSTV կառավարամետ հեռուստաընկերության հիմնադիր և հաղորդավար Շալվա Ռամիշվիլիին։
«Նման ոչ քաղաքակիրթ, ոչ սոցիալական, ոչ կուռ մոտեցումը՝ արդարացնել սեռական ոտնձգությունները, ինձ անհասկանալի է մարդկային, բարոյական իմաստով։ Հատկապես, երբ գիտենք, որ բանավոր բռնությանը հաճախ հետևում է ֆիզիկական բռնությունը, իսկ որոշ դեպքերում էլ ավարտվում է կնոջ սպանության ողբերգական հետևանքով։
Ես կտրականապես դատապարտում եմ բոլոր ոտնձգությունները, հարձակումները՝ բանավոր կամ ֆիզիկական։ Դատապարտում եմ, նախ` որպես կին, ապա և` նախագահ»,- ասել է Զուրաբիշվիլին։