Չնայած Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը աբխազների մոբիլիզացիայի մասին սոցցանցերում տարածված լուրերը սուտ է որակել, Աբխազիայի դե ֆակտո զինկոմ Բեսլան Տարբան Sputnik-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահի հայտարարած մասնակի զորահավաքը վերաբերում է նաև աբխազներին, քանի որ բնակչության ավելի քան 90 տոկոսն ունի Ռուսաստանի քաղաքացիություն։
Ի դեպ, սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել։ Այս փուլում, Պուտինի խոսքով, զորակոչը վերաբերում է միայն այն քաղաքացիներին, որոնք ներկայումս պահեստազորում են կամ ունեն համապատասխան զինվորական փորձ։
Արդեն իսկ սեպտեմբերի 21-ին Telegram-ում հաղորդագրություն էր տարածվել, որ մասնակի զորահավաքը կազդի նաև աբխազների վրա։
«Եթե մեզ համար էլ անհրաժեշտ դառնա մասնակի մոբիլիզացիան, և մենք դրա մասին ուղիղ ցուցում ստանանք, բնականաբար` կանենք։ Մենք միշտ պատրաստ ենք, մենք միասին ենք և աջակցում ենք Ռուսաստանին»,- ասել է Տարբան։
Ավելի ուշ հայտարարություն էր տարածել նաև Աբխազիայի դե ֆակտո ՊՆ-ն և նշել, որ Տարբայի կարծիքը չի արտահայտում պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը։
Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել բնակչությանը` խուճապի չմատնվել և տեղեկություն ստանալ միայն պաշտոնական աղբյուրներից։