Վրաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն՝ ընտրությունների ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն ապօրինի միջամտության հնարավոր փաստերի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:
Ըստ ՀՔԾ-ի՝ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով:
«Հետաքննությունը սկսվել է «Մեդիաօմբուդսմեն»-ից, ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) և ծառայության թեժ գծից ստացված հաղորդագրությունների, նաև անցկացված հարցազրույցների հիման վրա, որոնք առնչվել են Վրաստանի տարբեր շրջաններում լրագրողների հետ կապված 17 միջադեպերի։
Նշված փաստերից 13-ը ծանուցման բովանդակությամբ հանցագործության հետքեր չեն պարունակել։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ՔՀԾ քննիչները ծանուցումը ստանալուց հետո մի քանի անգամ կապվել են լրագրողների ու օպերատորների հետ և անհապաղ իրավական պատասխան տվել»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում։
Նշված է նաև, որ այս պահին տեղեկատվություն տրամադրելու համար միայն 5 լրագրող և 1 օպերատոր են ներկայացել քննչական մարմին:
Վրաստանի «Մեդիաօմբուդսմեն» հասարակական կազմակերպության (ՀԿ) գնահատմամբ՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների լուսաբանման ժամանակ լրագրողների և օպերատորների աշխատանքային միջավայրը բնութագրվել է ագրեսիայով, ճնշումներով, սպառնալիքներով և նրանց մասնագիտական գործունեությանը միջամտելու փաստերով։
Կազմակերպությունը գրել է, որ քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ընտրությունների հետ կապված տեղեկատվության ձեռքբերման և տարածման գործընթացը չափազանց բարդ և վտանգավոր է եղել։
Նշված է նաև, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ագրեսիվ խմբերը մոբիլիզացվել են ընտրական տեղամասերում, քվեարկության շենքի մուտքերի մոտ, մերձակայքում (այդ թվում՝ օրենքով արգելված հեռավորության վրա)։