Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։
Իրենց հայտարարության մեջ նրանք կոչ են արել լրագրողների և բարեկամ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններին` իրենց ձայնը բարձրացնել օլիգարխ Իվանիշվիլիի ռեժիմի կողմից լրագրողների զանգվածային հալածանքների դեմ և պաշտպանել Վրաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Հայտարարությունը, որն այսօր կայացած ճեպազրույցում ընթերցել է Մայա Մեցխվարիշվիլին, ստորագրել են 311 լրագրողներ, խմբագիրներ և լրատվամիջոցների ղեկավարներ։
Հայտարարության մեջ խոսվում է նաև Վրաստանում մեդիա միջավայրի մասին, որը վերջին տարիներին կտրուկ վատթարացել է։
«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին, կոչ ենք անում լրագրողների իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` իրենց ձայնը բարձրացնել Իվանիշվիլիի ռեժիմի կողմից լրագրողների զանգվածային հետապնդումների դեմ և պաշտպանել Վրաստանում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- հայտարարել են լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելին արդեն 16-րդ օրն է բանտում հացադուլ է անում։ Ըստ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի՝ Մզիա Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում. անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։