Ապրիլի 25-ին Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո՝ նվիրված հրապարակախոս-գրող, հասարակական գործիչ Ժորա Սնխչյանի հիշատակին: Երեկոն վարել է Վեներա Սեյրանյանը: Տեղեկությունը տարածում է Նինոծմինդայի Հովվության կենտրոնը:
«Հուզված էր դահլիճը, հիշողություններով լի: Հրաշալի էին մեր երգչախմբի կատարումները՝ գրված նրա տեքստերով (խմբավար՝ Իրինա Քոլյան), մեներգիչներ՝ (Արսեն Աղջոյան, Ռաֆիկ Նանայան), ասմունքող մեր սաների (Սոնա Գրիգորյան, Հայկանուշ Խաչատրյան, Ծովինար Տերտերյան, Անի Չոբանյան) անզուգական կատարումները», — ասվում է կենտրոնի հրապարակման մեջ:
Նշվում է, որ Սնխչյանի բանաստեղծություններն ասմունքեցին անգլերենի խմբակի սաները ևս: Գեղեցիկ լուսանկարների հավաքածուն ավելի սրտառուչ դարձրեցին Բորիս Ղարսլյանի լուսանկարները: Երեկոյի մտահղացումը Տեր Արմաշ քահանա Պողոսյանինն էր, որին օգնել էր ողջ ստեղծագործ խումբը: