Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն ու դատարանների որոշումները գործիք են՝ սահմանափակելու քաղաքացիական իրավունքները, «Գործակալների մասին օրենքի» դեմ մարտի 7-9-ը խորհրդարանի շենքի դիմաց անցկացված ակցիաների մասին զեկույցում գրում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA):
Զեկույցը կոչվում է՝ «Ժողովուրդն ընդդեմ ռուսական օրենքի»: Ըստ GYLA-ի՝ մարտի ակցիաները ցրելու մասին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ընդունած որոշումները խախտել են Վրաստանի Սահմանադրությամբ և Վրաստանի միջազգային պայմանագրերով երաշխավորված խաղաղ հավաքների և ցույցերի իրավունքը:
«Ցույցի մասնակիցների ճնշող մեծամասնությունը խաղաղ կերպով օգտվում էր հավաքների և ցույցերի իրավունքից, իսկ տեղական բնույթի խախտումներին իրավապահ մարմինների ներկայացուցիչների արձագանքը էական ազդեցություն չպետք է ունենա ողջ գործողության ընթացքի վրա, և կոնկրետ միջադեպերը հնարավոր կլիներ վերացնել առանձին միջոցներով։ Տեղի է ունեցել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերը»,- նշել է GYLA-ն:
Մարտի 7-9-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Գործակալների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը գրանցել է իշխող թևը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Համաձայն այս փաստաթղթի՝ Վրաստանի գործընկեր երկրներից ֆինանսավորում ստացող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները պետք է գրանցվեին գործակալների ռեեստրում։
Այս գործընթացին հաջորդեցին մի քանի օր լայնածավալ ակցիաներ Թբիլիսիում և այլ քաղաքներում, որից հետո իշխող կուսակցությունը տապալեց օրինագիծը։