Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Սամվել Մանուկյանը տեղական լրատվամիջոցի հետ զրույցում խոստացել էր, որ ժողովրդի ձայնը կհասցնի երկրի բարձրագույն իշխանություններին:
«Հիմնական խնդիրները նույնն են՝ ջուր, գազ, ճանապարհ, արոտավայր: Ուզում եմ շեշտել նաև քաղաքացիության հարցը. մարդիկ կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը և ուզում են վերականգնել: Քարոզարշավն ընթանում է շատ լավ մթնոլորտում, իմ սպասածից էլ լավ է անցնում, պարզապես շատ են ասում, որ խոստացել ու չեն արել: Ես ժողովրդին միշտ խոստանում եմ, որ իրենց ձայնը կհասցնեմ երկրի բարձրագույն իշխանություններին: Մարդիկ դա ավելի լավ են ընդունում, քանի որ տարիներով իրենց խոստումներ են տվել, բայց ոչինչ չեն արել: Եթե վստահ եմ 100 տոկոսով, որ անելու եմ, ես նույնիսկ դա չեմ խոստանում: Որոշել ենք մարդկանց խոսք չտալ, ուղղակի բացատրել իրավիճակը, թե իրականում ինչ կա, ու ինչ կարող ենք անել: Մարդիկ սա ավելի լավ են ընդունում, քան դատարկ խոստումները»,- ասել է Սամվել Մանուկյանը jnews.ge-ին, երբ դեռ «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական պատգամավորի թեկնածու էր։
Չնայած այս խոստմանը, Մանուկյանի ձայնը երբևէ խորհրդարանի խոսափողից չի լսվել։
Դրա մասին է վկայում «Transparency International-Վրաստան» (TI) միջազգային ոչ կառավարական կազմակերպության վիճակագրությունը։
2023 թվականի հունիսի 29-ին հրապարակված զեկույցում, որը գնահատում է խորհրդարանի 2022 թվականի գործունեությունը, նշված է, որ ելույթի իրավունքից չեն օգտվել խորհրդարանի 18 պատգամավորներ, որոնցից 10-ը խորհդարանական մեծամասնության անդամներ են (Էլգուջա Գոցիրիձե, Իսկո Դասենի, Սումբատ Կյուրեղյան, Լևան Կոբիաշվիլի, Սամվել Մանուկյան, Գոգի Մեշվելիանի, Դիմիտրի Սամխարաձե, Գոդերձի Չանքսելիանի, Վասիլ Չիգոգիձե, Վիկտոր Ջափարիձե)։
Նշենք, որ Մանուկյանի պասիվության հարցն արդիական դարձավ մի քանի ամիս առաջ, երբ նա կողմ քվեարկեց «գործակալների մասին» օրենքին։ «Transparency International-Վրաստան»-ը հերթական անգամ Facebook սոցցանցում հրապարակեց վիճակագրությունը և նշեց, որ «ռուսական օրենքին» կողմ քվեարկած 83 պատգամավորներից 11-ը տարիներ շարունակ չեն խոսել խորհրդարանում (2020-2022 թթ.), և այդ 11 պատգամավորների թվում են Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված պատգամավորներ Սումբատ Կյուրեղյանը և Սամվել Մանուկյանը։
Ըստ «Transparency International-Վրաստան»-ի տվյալների՝ 2023 թվականին պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Հետազոտության տվյալներով` Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանն ընդունված օրենքների նախաձեռնության քանակով գտնվում են նվազագույն նշագծի վրա։ 2020-2023 թվականներին խորհրդարանն ընդունել է նրանց նախաձեռնած մեկական օրինագիծ։
Նշենք նաև, որ պատգամավորներ Սումբատ Կյուրեղյանն ու Սամվել Մանուկյանը պաշտպանել են «գործակալների մասին օրենքը» և՛ 2023-ին, և՛ 2024-ին։
Սամվել Մանուկյանի խոստումը, ըստ որի` ինքը պետք է ժողովրդի խնդիրները բարձրացներ իշխանության ամենաբարձր օղակներում, հայտնի չէ, թե ինչպես պետք է իրականացվեր, եթե նա չի օգտագործել պատգամավորի լիազորությունները և, ըստ տարբեր հետազոտությունների տվյալների, եղել է ամենապասիվ պատգամավորներից մեկը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է հետևություն անել, որ նրա խոստումները` մարզի խնդիրների մասին օրենսդիր մարմնում հարցի բարձրացում և ըստ այդմ` խնդիրների լուծում, մինչ օրս չեն կատարվել։