Վրաստանի խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժը» խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վրացական երազանքի» ցուցակով։
Այս մասին հուլիսի 16-ին նախընտրական քարոզարշավի բացմանը հայտարարել է իշխող «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Ողջունում եմ նաև մեր ընկերների խմբին, որը կոչվում է «Ժողովրդի ուժ», և այս ողջույնը պատահական չէ, քանի որ այսօր, հավանաբար, առաջին անգամ կլսեք ինձանից․ հաստատեմ՝ նրանք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն մեզ հետ՝ միասնական ցուցակով»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։
«Ժողովրդի ուժը» կուսակցությունը հիմնադրել են «Վրացական երազանք»-ից դուրս եկած պատգամավորները, որոնք մնացել են խորհրդարանական մեծամասնությունում՝ նշելով, թե այդ կերպ ավելի լավ կկարողանան տեղեկատվություն ստանալ «քաղաքական փաստերի և իրադարձությունների մասին կուլիսներից» և հանրությանը տրամադրել ճշմարտություն։
Նշվում է, որ «Ժողովրդի ուժը» իշխող ուժի սկսած հակաարևմտյան քարոզչության հիմնական խոսափողն է, որն առաջինն է խորհրդարան բերել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը. այն այնուհետև իշխող ուժը վերահեղինակել և ընդունել է։