Ժողովրդավարական երկրում չի կարելի սպառնալ նախագահի կողմից հայեցողական սահմանադրական լիազորությունների կիրառմանը։ Այս մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ, որով նախագահի աշխատակազմն արձագանքում է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը։
«Վրաստանի նախագահի վարչակազմը ցանկանում է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ պարոն Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը նախագահի հայեցողական իրավունքի մասին։
Պարոն Իրակլի Կոբախիձեն պետք է լավ իմանա, որ ժողովրդավարական երկրում չի կարելի սպառնալ նախագահի կողմից հայեցողական սահմանադրական լիազորությունների կիրառմանը», — ասված է նախագահի հայտարարության մեջ:
Նշենք, որ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է նախագահի կողմից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր ներման մասին հարցին՝ ասելով, որ հասարակությունը ամենավատ արձագանքը կունենա նման արարքին, և, բնականաբար, ինքը նույնպես կունենա «շատ ծանր արձագանք»։ Ըստ Կոբախիձեի, դա վրացական պետության դեմ ուղղված քայլ կլինի։