Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 20:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 2 մլն 060 հազար ընտրող, որը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը:
Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացվել է 337 բողոք։
2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 56.11 տոկոս, 2016 թվականին` 51.63 տոկոս, 2012 թվականին՝ 60.8 տոկոս։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին սպասարկում են 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։