Վրաստանը կմիանա այն երկրների շարքին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառում են երկրի քաղաքացիների թվային հետապնդման մեթոդը:
Սա նշանակում է, որ բջջային հեռախոսների համար կստեղծվի հատուկ հավելված, որը քաղաքացիներին կզգուշացնի տարածքում վարակակրի ներկայության մասին:
Թե ինչպիսի կլինի հավելվածը, երբ հնարավոր կլինի այն կիրառել, որքանով պաշտպանված կլինեն քաղաքացու անձնական տվյալները, դեռևս հայտնի չէ:
Ապրիլի 2-ին Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ զգուշացնող բջջային հավելվածն այս պահին աշխատում է թեստային ռեժիմով:
«Վրաց իրականության հետ համապատասխան ենք դարձնում հավելվածը, բազայում ավելանում են տվյալներ, երբ վստահ կլինենք, որ այն կաշխատի, կտեղեկացնենք բնակչությանը: Այս հավելվածով նրանք կիմանան, ունեցել են թե ոչ պոտենցիալ վարակվածի հետ որևէ տեսակի շփում: Հավելվածը կօգնի նաև հիվանդությունների վերահսկման կենտրոնին պարզել հետագա վարակակիրների աղբյուրներն ու կոնտակտները»,- հայտարարել է Տիկարաձեն:
Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը հարցի շուրջ զրուցել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հավելվածը հիմնված է լինելու ավստրիական մոդելի վրա: Ավստրիայում նման հավելվածը կոչվում է The Stop Corona App: