Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լեհաստանի մայրաքաղաքում հանդիպել է ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկիին:
Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկատվությամբ, նախագահների միջև երկկողմ հանդիպում է տեղի ունեցել, որտեղ նրանք խոսել են երկու երկրների հարաբերությունների ուժեղացման և համատեղ նպատակներից:
Երկու բարեկամ երկրների նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախագահին հրավիրել է Ուկրաինա:
«Հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Վրաստանը և Ուկրաինան նմանատիպ մարտահրավերներ և նպատակներ ունեն: Զրուցել են նաև Եվրամիությանը մոտենալու և գլոբալ վտանգների մասին»,- նշված է հայտարարության մեջ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով Լեհաստանում է:
Այցի շրջանակներում Զուրաբիշվիլին կմասնակցի երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-րդ տարելիցի հետ կապված արարողությանը:
Նաև ծրագրված են երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի, Էստոնիայի և Սլովակիայի նախագահների հետ: