«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան խոսել է Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին։ Վրաստանի նախկին վարչապետը երկու դեպքում էլ մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը։
«Անհնար է պատերազմ սկսել քո իսկ տարածքում, և վերջ։ Ինչպես Վրաստանը չէր կարող սկսել 2008 թվականի պատերազմն իր տարածքում, այնպես էլ՝ Ուկրաինան։ Անհնար է պատերազմ սկսել քո հողի վրա»,- ասել է Գախարիան TV Pirveli-ի եթերում։
Գախարիան նշել է, որ տարբերությունը այն էր, որ «Միացյալ ազգային շարժումը» չկարողացավ աշխարհին համոզել, որ իրենք չեն հրահրել պատերազմը, իսկ Զելենսկին կարողացավ․
«2008 թվականին, ցավոք, վրացական իշխանությունը, «Ազգային շարժումը» չկարողացավ աշխարհին համոզել, որ իրենք չեն սադրել պատերազմը։ Իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարողացավ համոզել աշխարհին, որ սա ոչ այլ ինչ է, քան մի պետության բացարձակ հարձակում մեկ այլ պետության վրա»: