Զելենսկին գրառում է կատարել Վրաստանի ժողովրդի և կառավարության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Վրաստանի ժողովրդի աջակցությանը Ուկրաինային` նշելով, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացիներն ավելի լավ կառավարություն են։

«Անհավանական վրացի մարդիկ, ովքեր հասկանում են, որ ընկերներին պետք է աջակցել: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ Թբիլիսիում և այլ քաղաքներում, ովքեր դուրս էին եկել ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ պատերազմի։

Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները թեև կառավարություն չեն, սակայն կառավարությունից ավելի լավն են» — թվիթերյան իր էջում գրել է Վլադիմիր Զելենսկին։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ՝ փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Ուկրաինա մեկնել  չի պատրաստվում, դա ոչինչ չի տա», ինչպես նաև՝ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։

_____________________________________________________________________________

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։