Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին կայցելի Վրաստան: Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, հանդիպումը նախատեսված է հուլիսի 18-ին, և նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
«Հուլիսի 18-ին իմ ուկրաինացի գործընկերոջը հրավիրել եմ Վրաստան։ Այցի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, և սա շատ կարևոր հանդիպում է նաև այն առումով, որ մենք կսկսենք աշխատել շատ կոնկրետ հարցերի շուրջ, թե այս ասոցացված երկրները ինչպես պետք է առաջ շարժվեն դեպի եվրոպական ինտեգրում: Կքննարկվի Սև ծովի անվտանգության հարցը, ինչը ևս կապված է ՆԱՏՕ-ի հետ», — հայտարարել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք` Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Ուկրաինայում է: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին մեկ տարի առաջ: Վրաստանի դեսպանին հետ կանչեցին, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում նշանակվեց բարեփոխումների գործադիր հանձնաժողովի նախագահ: Ապրիլի 22-ին դեսպանը հետ է վերադարձել։