Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը:
Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային պլանը: Նա ասել է, որ խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է:
«Կառավարությունը 4 ամսով կերկարաձգի տուրիզմի հետ կապ ունեցող ընկերությունների ու անհատների համար հարկերի վճարման ժամկետները: Սա այս 4 ամիսների ընթացքում (մարտ- հունիս) նշված ոլորտներում շուրջ 100 միլիոն լարի կխնայեն տնտեսվարողները: Բացի այդ, կառավարության որոշմամբ՝ նախապես ծրագրված 600 մլն լարիի ԱԱՀ-ն կկրկնապատկվի, սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում 1 մլրդ. 200 մլն լարի կվերադարձվի», — հայտարարել է Գախարիան: