Զախարովան արձագանքել է վրաստանյան զարգացումների շուրջ հայտարարությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությանը, որը վերաբերում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Ըստ Զախարովայի՝ այժմ պարզ է, թե ինչու ԱՄՆ-ը դեռևս Եվրամիության կազմում չէ։

«Բորելն ասել է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը Թբիլիսիում բողոքի բազմամարդ ցույցերի պատճառ է դարձել, չի համապատասխանում Եվրամիության արժեքներին։ Այժմ պարզ է, թե ինչու ԱՄՆ-ը դեռևս Եվրամիության կազմում չէ. այս օրենքն այնտեղ ընդունվել է 1938 թվականին»,- գրել է Զախարովան:

Ի դեպ, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ։

Բորելը նշել է, որ օրենքն իր ներկայիս տեսքով բացասական ազդեցություն և վնասակար հետևանքներ կունենա քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ինչպես նաև Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր շահում են այդ կազմակերպությունների աշխատանքից։

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում կատարել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները խթանելու իր հանձնառությունը և քաղաքացիներին հիշեցնում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքի մասին:

Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ:

Օրենքը Վրաստանի արևմտյան գործընկերներին է թշնամի համարում․ կոնֆլիկտաբան