Վրաց Ուղղափառ եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշելու է մայիսի 2-ին: Զատկի տոնի հետ կապված Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարված:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ երկրում մայիսի 4-11-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր: Ելնելով մայիսի 9-ի և 12-ի տոներից, Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ կլինեն հանգստի օրեր:
Ոչ աշխատանքային օրեր հայտարարելու պատճառը ըստ կառավարության երկրում վատթարացող համաճարակային իրավիճակն է: Այժմ Վրաստանում օրական գրանցվում է կորոնավիրուսի ավելի քան 1500 նոր դեպք:
Վարակաբանների խոսքով՝ Զատկական տոներին բնակիչները քաղաքից գնում են գյուղեր և ազատ օրերը նրանց հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ մնալ այնտեղ և նվազեցնել քաղաքներում տեղաշարժը:
Ապրիլի 26-ին կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը առաջիկա երկու շաբաթվա վերաբերյալ նոր որոշում կայացրեց: Մասնավորապես՝
- Զատկական տոների հետ կապված միայն մեկ օրով երկրում սահմանված տեղաշարժի արգելքը կգործի մայիսի 1-ի ժամը 23:00-ից մինչև մայիսի 2-ի ժամը 04:00-ն:
- Երկրի ամբողջ տարածքով մայիսի 3-12-ը կսահմանափակվի մունիցիպալ տրանսպորտի (մետրո, ավտոբուս, երթուղային տաքսի) աշխատանքը: Միջքաղաքային տրանսպորտը կշարունակի աշխատել:
- Զատկական տոների օրերին կարգելվի այցելել գերեզմանատներ: Կառավարության որոշմամբ՝ տոնական օրերին գերեզմանատներ տանող ճանապարհները կփակվեն պարեկային ոստիկանության կողմից: