
«Սոցիալական արդարադատության կենտրոնը» և պետական ծառայողների անկախ մասնագիտական միությունը Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն դիմում են Աշխատանքի միջազգային կազմակերպությանը (ILO)՝ ուշադրություն դարձնել Վրաստանում պետական մակարդակում խտրականության հիմունքներով իրականացվող զանգվածային ազատումներին, անհապաղ քննարկել հարցի շուրջ հետաքննական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը։
Հայտարարությունում նշվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջից սկսված ազատումները շարունակվում են մինչ օրս։ Ընդգծվում է նաև, որ աշխատանքից ազատում են նրանց, ովքեր հանրայնորեն ընդդիմացել են կառավարության որոշմանը, որը վերաբերում էր Եվրաինտեգրման գործընթացի դադարեցմանը։
Նշվում է` զանգվածային ազատումներից առաջ կատարվել են փոփոխություններ «Պետական ծառայության մասին» օրենքում, ինչը զգալիորեն թուլացրել է պետական ծառայողների իրավական երաշխիքները, այդ թվում՝ հեշտացրել է նրանց աշխատանքից ազատման գործընթացը, սահմանափակել է խախտված իրավունքների և աշխատանքի վերականգնման հնարավորությունները։
«Ոչ օրինական կերպով ազատված պետական ծառայողների մի մասը իրենց իրավունքների պաշտպանության համար արդեն դատարանում է պայքարում։ Նրանց իրավաբանական աջակցություն են ցուցաբերում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ։ Այս պահին, պետական ծառայողների անկախ մասնագիտական միությունը «Սահմանադրության 78-րդ հոդվածը» արդեն 100-ից ավելի մարդու տրամադրում է իրավաբանական օգնություն, և այս թիվը ամեն օր աճում է»,– ասված է հայտարարությունում։
Կազմակերպությունները հայտարարում են, որ իշխանություններին քննադատող պետական ծառայողների աշխատանքից ազատման ամենատարածված ձևերից է աշխատանքի պայմանագրի ժամկետի ավարտից հետո պայմանագրի չերկարացումը։ Նրանց գնահատմամբ, այս պրակտիկան խիստ հակասում է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։