«ՆԱՏՕ-ի գործընկերները մնում են իրենց դիրքորոշման մեջ, որ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը չի վերանայվի։ Ոչ ոք իրավունք չունի այս կամ այն տարածաշրջանը համարել իր ազդեցության գոտի»,-այս մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումից հետո ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Զալկալիանիի խոսքով, շատ հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ։
«Թեման եղել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի գործունեությունն ու իրավիճակը տարածաշրջանում։ Շատ դրական է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների դիրքորոշումը կրկնվեց, որ նրանք միասնական են, և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվում։ Կայացված որոշումների վերանայումներ նախատեսված չեն։ Չնայած Ռուսաստանի Դաշնության հռետորաբանությունն ու դիրքորոշումը շատ կոշտ էր, սակայն նրանց գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Այս թեմաները արծարծվել են այդ հայտնի 2 թղթերում և լուրջ քննարկման ենթակա չեն։ Երկիրն ունի անվտանգության դաշինք ընտրելու ինքնիշխան իրավունք։ Սա հիմնարար իրավունք է։ Սրանք այն հիմնական ուղերձներն էին, որ ես լսել եմ դեսպանների հետ հանդիպմանը»,- ասել է Դավիթ Զալկալիանին։
Այսօր Վրաստանի արտաքին գործերի նախարարը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Եվրոպական քաղաքական մայրաքաղաքում հանդիպումներ կանցկացվեն փոխվարչապետի՝ ՆԱՏՕ և Եվրամիություն պաշտոնական այցի շրջանակներում։