YouTube-ի կենտրոնակայանում կրակոցների հետեւանքով չորս մարդ է տուժել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Բրունո քաղաքում գտնվող YouTube ընկերության գլխամասային գրասենյակում երեկ՝ ապրիլի 3-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով չորս մարդ է վիրավորվել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ YouTube-ի գրասենյակ մուտք է գործել մի կին և սկսել կրակել, իսկ հետո ինքնասպան է եղել:

Ավելի ուշ հրապարակվել է կասկածյալի ինքնությունը՝ Սան Դիեգոյի բնակչուհի, ծագումով իրանցի 39-ամյա Նասիմ Նաջաֆի Աղդամ: Նրա հայրը՝ Իսմայիլ Աղդամը հայտնել է, որ դուստրը բարկացած էր YouTube-ի վրա, քանի որ ընկերությունը այլևս չէր վճարում կայքում նրա հրապարակած տեսանյութերի համար։

Միջադեպի առնչությամբ  Twitter-ի իր էջում գրառում է կատարել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինձ հաղորդեցին Կալիֆոռնիայի YouTube-ի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին: Մենք աղոթում ենք այս միջադեպից տուժածների համար», — գրել է Թրամփը՝ երախտագիտություն հայտնելով տեղում աշխատող իրավապահ մարմիններին։

Թողնել պատասխան