«Եվրատեսիլ 2016» ամենամյա երգի միջազգային մրցույթին Վրաստանը ներկայացնելու է «Young Georgian Lolitaz» ռոք խումբը:
Խումբը ստեղծել է Նիկա Քոչարովը `15 տարի առաջ, այս ընթացքում երաժշտական կազմը անընդհատ փոփոխվել է, այժմ խմբի կազմում Քոչարովի հետ են` Գիա Լաշվիլին, Նիք Դավիթաշվիլին եւ Դիմա Հովհաննեսյանը:
Վրաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ամիսներ առաջ ընտրել և հաստատել է հենց այս բազմազգ ռոք խմբի մասնակցությունը, տղաները կատարելու են «Midnight Gold» երգը: Հեղինակը Նիկա Քոչարովն է, տղաները հիմնականում կատարում են միայն իրենց հեղինակած երգերը: Այժմ խումբը ակտիվ փորձերի մեջ է, խմբի առաջնորդն անվանման մասին խոսելիս ժպտում է.
«Մենք Թբիլիսիում փառատոնի էինք մասնակցում, իսկ խումբը անուն չուներ, մենք այն կատակով անվանեցինք «Young Georgian Lolitaz» , այնպես ստացվեց, որ հենց այդ փառատոնում բոլորին այնքան դուր եկավ մեր երաժշտական ծրագիրը, որ որոշեցինք չփոխել անունը, և արդեն 15 տարի» :
Նիկան անկեղծանում է`Եվրատեսիլ չի նայում, ոչ ոքին չի կրկնօրինակում, ուզում է ստեղծել իրենը, ինքնատիպը, ասում է` մրցույթին հետևել է ընդամենը մեկ անգամ, այդ տարի Վրաստանն առաջին անգամ էր մասնակցում, որոշեց նայել, ասում է` չի ցանկանում այսպես ասած`մրցույթի ճնշման տակ ընկնել:
Խմբի ուղղվածության և երգացանկի մասին խոսելիս երաժիշտը նեղսրտում է` իրենց ճիշտ է, լսում են, բայց երգերը չեն վաճառվում, որպես օրինակ բերում է հենց Վրաստանն ու ասում, որ այս երկրում գրեթե ոչ ոք ռոք երաժշտությամբ չի ապրում, սրա հետ մեկտեղ նաև ասում է` իրենց խումբը պահանջված է, հրավիրում են տարբեր համերգային ծրագրերի, ելույթ են ունենում մեծ եւ փոքր հարթակներում, ասում է` նվագում ենք որտեղ ուզենք և երբ ուզենք.
«Երբ 4 տղա կիթառ են նվագում, սովորաբար ընդունված է մտածել, որ դա ռոկ է, մեր երգի մեջ, իհարկե կան ռոքի էլեմենտներ , բայց մենք ջանում ենք երաժշտության տարբեր ոճեր փորձել: Այն փաստը, որ Առաջին ալիքը մեզ ընտրեց, կարծում եմ, որ նորարարական մոտեցում էր Վրաստանի համար: Մեզ լսում են, բայց այս երգը չի վաճառվում, սրա մեջ բիզնես չկա»:
Եվրատեսիլ 2016-ը մայիսին անցկացվելու է Շվեդիայում: Ստոկհոլմն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում երգի համաշխարհային մրցույթը: Այս տարի մասնակցություն է հաստատել ռեկորդային թվով` 43 երկիր: Նախորդ տարի Նինա Սուբլատիի մասնակցությունը Վրաստանին ապահովեց ընդամենը 11-րդ հորիզոնականը: