Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) բողոքարկվել է «Վրացական երազանք»-ի պատվիրակության հավատարմագրերի ճանաչման հարցը: Մոնիտորինգի հանձնաժողովը 24 ժամ ունի զեկույցը պատրաստելու համար, իսկ չորեքշաբթի օրը տեղի կունենա հարցի քվեարկությունը։
«Ինչպես և սպասվում էր, Վրաստանի պատվիրակության հավատարմագրերի ճանաչման հարցը բողոքարկվել է Խորհրդարանական վեհաժողովում, ինչը նշանակում է, որ նրանք այսօր չեն կարողանա մասնակցել քվեարկությանը, իսկ հաստատվելու դեպքում ընդհանրապես չեն կարող մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին»,- գրել է «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը սոցցանցում:
Վրացական պատվիրակության հավատարմագրերի ճանաչման հարցը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անունից բարձրացրել է շվեդ պատգամավոր Բորյանա Օբերգը։ Նրան աջակցել են վեհաժողովի 30 անդամներ։
«Վրաստանի խորհրդարանը միայն մեկ կուսակցությամբ խորհրդարան է: Իվանիշվիլիի ռեժիմը ոչնչացնում է Վրաստանում ժողովրդավարական կարգը: Ահա թե ինչու եմ բողոքարկել հավատարմագրերը ԵԺԿ խմբի անունից», — ասել է Օբերգը:
Եվրախորհրդի մամուլի կենտրոնը պարզաբանել է, որ բողոքն առանց քննարկման ուղարկվել է Մոնիտորինգի հանձնաժողով և Կանոնակարգի հանձնաժողով՝ կարծիքի զեկույց պատրաստելու համար, և այդ հարցի քննարկումն ու քվեարկությունը նախատեսված են չորեքշաբթի՝ հունվարի 29-ին:
Վրաստանում երեք ընդդիմադիր խմբեր (1, 2) դիմել են ԵԽԽՎ նախագահին և խորհրդարանական խմբակցություններին՝ չճանաչելու վեհաժողովում «Վրացական երազանք»-ի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները։
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը վճռորոշ է Վրաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության առումով», — ասված է ընդդիմության կոչում։
Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չի ճանաչում հասարակության մեծ մասը, ներառյալ բողոքի ցույցերի մասնակիցները, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի միջազգային գործընկերները հարցեր ունեն խորհրդարանի, կառավարության և վեցերորդ նախագահի լեգիտիմության վերաբերյալ։