ԵԽԽՎ-ում աշխատանքի դադարեցում` երկրի ևս մեկ մեկուսացման ճանապարհ. փորձագետներ

«Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։

Փորձագետները կարծում են, որ այս որոշումը հակասում է Վրաստանի սահմանադրությանը և նպաստում է երկրի մեկուսացմանը, նաև դա ռեպրեսիվ գործողություն է Վրաստանի և Վրաստանի քաղաքացիների նկատմամբ:

Որոշումը «Վրացական երազանք»-ը կայացրել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ նոր քննադատական ​​բանաձև է ընդունել:

Վրաստանի վերաբերյալ ընդունած բանաձևով ԵԽԽՎ-ն կոչ է արել անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, քաղբանտարկյալներին ազատ արձակել և «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում «փորձաշրջանով» ճանաչել մինչև 2025 թվականի ապրիլ` սահմանափակ իրավունքներով:

Որոշմամբ նաև «սահմանափակ» են ճանաչվել «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները, և այս հարցը քննարկման կվերադարձվի 2025 թվականի ապրիլին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատանքը դադարեցնելու մասին Ստրասբուրգից հայտնել են Թեա Ծուլուկիանին և Գիվի Միքանաձեն։  Նրանց հայտարարությունը հեռարձակվել է «Իմեդի»-ի հատուկ եթերում Թբիլիսիի ժամանակով 22:18-ին։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Ժողովրդավարության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն, նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին ասաց, որ «Վրացական երազանք»-ը անում է ամեն ինչ, որպեսզի չճանաչի և չընդունի երկրում առկա խնդիրները.

«Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր պետական ​​կառույցները պարտավոր են նպաստել եվրաինտեգրմանը։ Այս որոշումը հակասում է սահմանադրությանը և նպաստում է երկրի մեկուսացմանը, ինչը բխում է Ռուսաստանի շահերից։ «Վրացական երազանք»-ը չի ցանկանում ընդունել, որ երկրում կան քաղբանտարկյալներ, և որ անհրաժեշտ են նոր ընտրություններ։ Այդ իսկ պատճառով նրանք անում են ամեն ինչ, որ չճանաչեն երկրում առկա խնդիրները»,-ընդգծել է Նանուաշվիլին:

Նանուաշվիլիի խոսքով՝ չնայած «Վրացական երազանք»-ի կայացրած որոշումներին,  Եվրախորհուրդը չի լքում Վրաստանին և հուսով է, որ վրաց ժողովուրդը թույլ չի տա, որ Վրաստանը դուրս գա Եվրախորհդից.

«Եվրախորհուրդը չի լքել Վրաստանին, ինչը նշանակում է, որ Ստրասբուրգի դատարանի իրավասությունը (որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատանքի գործընթացում- հեղ.) դեռ ուժի մեջ է և կարող է օգտագործվել հասարակ քաղաքացիների կողմից։ Ուստի հուսով ենք, որ մենք կշարունակենք օգտագործել դա և թույլ չտալ, որ Վրաստանը դուրս գա Եվրախորհրդից»:

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց. ««Վրացական երազանք»-ը չի ընդունում քննադատությունները. նրանք դադարեցրել են աշխատանքը ԵԽԽՎ-ում, որպեսզի հետագայում պատասխանատվության չենթարկվեն այն ամենի համար, ինչ կատարվում է Վրաստանում»:

Ըստ կոնֆլիկտաբանի՝ հասարակությունը պետք է հասկանա, որ «Վրացական երազանք»-ն իրեն խաբում է:

«Հասարակությունը պետք է հասկանա, որ «Վրացական երազանք»-ն իրեն խաբում է, երբ ասում է՝ գնում ենք Եվրոպա։ Եվրախորհրդի, Եվրամիության, ԱՄՆ-ի որոշումները հստակ ցույց են տալիս, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունն անընդունելի է բոլորի համար»,- ընդգծեց Զաքարեիշվիլին:

Կոնֆլիկտաբանը ասաց. «Գուցե կոպիտ օրինակ է, բայց այս դեպքում Վրաստանի Եվրոպայում ինտեգրումը նման է ընտանիք ստեղծելուն՝ այս դեպքում ևս մենք ունենք պարտավորություններ, որոնք պետք է կատարենք. եթե ​​մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, եթե Եվրոպայի անդամակցության թեկնածու երկիր ենք և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, ապա պետք է կատարենք այն պարտավորությունները, որոնք ցանկանում ենք ռազմավարական գործընկերության համար. այսպես է նաև ընտանիքում»։

«Վրացական երազանք»-ը դադարեցրել է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում. ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձևը