ԵԽԽՎ-ն կոչ է անում չաջակցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Twitter-ում արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման՝ Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին:

ԵԽԽՎ-ն կոչ է արել վրացական քաղաքական խմբակցություններին չաջակցել օրինագծին։ Վրաստանի հարցով բանախոսներ Կլոդ Քերնը և Էդիտա Էստրելլան ասել են, որ «Ժողովրդի ուժը» շարժման կողմից ներկայացված օրինագիծը մտահոգություն է առաջացրել ժողովրդավարական և մարդու իրավունքների չափանիշների հետ դրա համատեղելիության վերաբերյալ։

«Կոչ ենք անում Վրաստանի մյուս բոլոր քաղաքական խմբակցություններին չաջակցել այս օրենքի նախագծին, որն ընդունվելու դեպքում սարսափելի ազդեցություն կունենա»։

«Ժողովրդի ուժը» շարժումը ստեղծել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին. նրանց են միացել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին թիմակիցներ, հասարակական գործիչներ:

Վրաց քաղաքագետները շարժումն անվանել էին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «նոր հիմնադրված քաղաքական ուժ», որն, ըստ նրանց՝ ավելի արմատական է լինելու: Փորձագետների գնահատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունը չի բարձրաձայնում, թե ինչ է ցանկանում Իվանիշվիլին, սակայն դա անում են կուսակցությունը լքած պատգամավորները:

Շեղում եվրաինտեգրումից և հավաստի ինֆորմացիայի սահմանափակում. «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնությունը՝ փորձագետների տեսանկյունից